23 հունվարի 2012 - 14:51 AMT
Ֆրանսիայի համանախագահությունը ԵԱՀԿ ՄԽ-ում այսօր Ադրբեջանում քննարկման «լուրջ հարց է»

Ֆրանսիայի «ոչ օբյեկտիվ» դիրքորոշումը Հայոց ցեղասպանության հարցում լրջորեն «մտահոգում է» Ադրբեջանի հանրությանը: Ինչպես հայտնում է 1news.az-ը, այդ մասին հայտարարել է միլի մեջլիսի պատգամավոր, քաղաքագետ Այդին Միրզազադեն: Ըստ նրա, Ֆրանսիայի համանախագահությունը ԵԱՀԿ Մինսկի խմբում այսօր Ադրբեջանում լուրջ քննարկման առարկա է: «Ամեն ինչ կախված է այսօր Ֆրանսիայի Սենատում ընթացող Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի քվեարկությունից: Հնարավոր է, որ եթե Սենատն ընդունի այդ օրինագծը, Ադրբեջանը լրջորեն դնի ԵԱՀԿ ՄԽ-ում Ֆրանսիայի նախագահության հարցը»,-ասել է պատգամավորը:

Այսօր Ֆրանսիայի Սենատում կկայանա Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի քննարկումը: Հունվարի 18-ին Ֆրանսիայի Սենատի Սահմանադրական հանձնաժողովը որոշում էր կայացրել չդիտարկել ցեղասպանությունների, այդ թվում` Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը: Օրինագծի մերժման որոշումն ընդունվել է 23 «կողմ», 9 «դեմ» և 8 ձեռնպահ ձայներով: Համաձայն այդ որոշման, օրինագիծը Սենատի կողմից դիտարկվելու է, ընդ որում, մինչև ընդհանուր քվեարկությունը ուշադրություն է դարձվելու վերոհիշկալ հանձնաժողովի որոշմանը:

Սենատում օրինագծի քննարկումները կսկսվեն երևանյան ժամանակով 18:00: