Հայաստան է այցելել գյուղատնտեսական սարքավորումների և տեխնիկայի ազգային լիզինգային օպերատոր «Պրոմագրոլիզինգ» ընկերության պատվիրակությունը:
Այսօր ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանն ընդունել է ընկերության պատվիրակությանը` գլխավոր տնօրեն Պավել Կրուպնովի գլխավորությամբ: Քննարկվել են առաջիկայում Հայաստանում ընկերության ներկայացուցչության ստեղծմանն առնչվող հարցեր:
Արթուր Բաղդասարյանը նշել է, որ իր բելառուսյան հանդիպումների ընթացքում կարևորվել է այս ոլորտում համագործակցության խթանման անհրաժեշտությունը և տրվել են հստակ հանձնարարականներ: ԱԱԽ քարտուղարը ընդգծել է այս ոլորտում փոխգործակցության կարևորությունը Հայաստանում պարենային անվտանգության ապահովման, ինչպես նաև գյուղատնտեսության ոլորտի հետագա զարգացման առումով:
Պավել Կրուպնովի խոսքով`ընկերությունն առաջարկում է համալիր ծառայությունների փաթեթ, որով գյուղտեխնիկայի և սարքավորումների տրամադրումն ընթանում է տեխնիկայի ընթացիկ սպասարկման, փորձի փոխանակման և տեղական մասնագետների վերապատրաստման նպատակով իրականացվող մասնագիտական այցերով, ինչպես նաև համապատասխան խորհրդատվական ծառայությունների մատուցմամբ:
Այցի ընթացքում պատվիրակությունը հանդիպումներ կունենա նաև հայաստանյան գործընկերների` այդ թվում Գյուղատնտեսության և Էկոնոմիկայի նախարարությունների ներկայացուցիչների հետ։ Գործնական հիմքերի վրա կդրվեն նախապես ձեռք բերված պայմանավորվածությունները: Նախատեսված ժամանակացույցով ՀՀ-ում փետրվար ամսին կհիմնվի ընկերության ներկայացուցչությունը և Հայաստան կներկրվի բելառուսական արտադրության գյուղտեխնիկայի առաջին խմբաքանակը: