23 հունվարի 2012 - 20:09 AMT
Լյուկ Կարվունաս. Չընդունելով օրինագիծը` մենք կշարունակենք ժխտողական քաղաքականությունը

«Թուրքիան մեծ երկիր է, և մենք լավ հարաբերություններ ունենք նրա հետ: Սակայն կոչ ենք անում ընդունել ցեղասպանությունների ժխտման քրեականացման մասին օրինագիծը»,- հայտնել է ֆրանսիական սենատոր Լյուկ Կարվունասը ցեղասպանությունների, այդ թվում` Հայոց ցեղասպանության ժխտման քրեականացման մասին օրինագծի ընդունման վերաբերյալ քննարկմանը Ֆրանսիայի Սենատում:

«Ժխտողական քաղաքականությունը շարունակվում է Հայոց ցեղասպանության հարցի առնչությամբ, և չընդունելով օրինագիծը` մենք կշարունակենք այդ քաղաքականությունը: Մենք պետք է պաշտպանենք մեր քաղաքացիներին»,- հայտնել է նա:

Օրինագծի ընդունումը դրական ազդեցություն կունենա հայ-թուրքական հարաբերությունների վրա. «Թուրքիան պետք է հարգի իր անցյալը: Օրինագծի ընդունումը կարող է խթան դառնալ Թուրքիայի քաղաքականության փոփոխման, ավելին` Թուրքիայի հետ համագործակցության համար նոր հնարավորությունների ստեղծման համար»: