Ֆրանսիան և Թուրքիան պետք է պահպանեն լավ հարաբերությունները: Այդ մասին հեռուստաեթերում հայտնել է Ֆրանսիայի արտգործնախարար Ալեն Ժյուպեն: Նա մեկնաբանել է Փարիզի և Անկարայի միջև սառեցումն այն բանից հետո, երբ նախօրեին Ֆրանսիայի Սենատը հավանություն է տվել ցեղասպանությունների, այդ թվում` Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծին:
«Ես կարծում եմ, որ դա անժամանակ նախաձեռնություն է, սակայն խորհրդարանն այդպես որոշեց: Այսօր ես կուզենայի մեր թուրք բարեկամներին սառնասրտության կոչ անել: Երբ այդ ալիքը նահանջի, վստահ եմ` մենք կկարողանանք վերականգնել կառուցողական հարաբերությունները: Ես անձամբ ձեռք եմ մեկնում Թուրքիային և հույս ունեմ վաղ, թե ուշ պատասխան ստանալ»,- հայտնել է Ալեն Ժյուպեն, հաղորդում է Euronews-ը:
Հունվարի 23-ին Ֆրանսիայի Սենատը կողմ է քվեարկել ցեղասպանությունների, այդ թվում` Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծին: Օրինագծի քվեարկությանը մասնակցել է 213 սենատոր, օրինագիծն ընդունվել է 127 «կողմ» և 86 «դեմ» ձայներով: Օրինագիծը ժխտման համար նախատեսում է 1 տարվա ազատազրկում և 45 հազ. եվրոյի չափով տուգանք:
2011թ. դեկտեմբերի 22-ին օրինագիծն ընդունվեց Ֆրանսիայի Ազգային ժողովում:
Թուրքիան սպառնում էր լիովին խզել հարաբերությունները Ֆրանսիայի հետ օրինագծի ընդունման դեպքում: Ավելին` թուրք վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, թե այլևս երբեք Ֆրանսիա չի մեկնի, եթե օրինագիծն ընդունվի: