29 հոկտեմբերի 2003 - 19:14 AMT
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՎԱՐՉԱՊԵՏԸ ՀՈՒՆԱՍՏԱՆԻ ԱԳ ՓՈԽՆԱԽԱՐԱՐԻ ՀԵՏ ՔՆՆԱՐԿԵԼ Է «ԱՐՄԵՆՏԵԼԻ» ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆՆ ԱՌՆՉՎՈՂ ԽՆԴԻՐԸ
Հայաստանի վարչապետ Անդրանիկ Մարգարյանը եւ Երեւանում այցով գտնվող Հունաստանի արտաքին գործերի փոխնախարար Իոաննիս Մագրիոտիսը քննարկել են Հայաստանում «ԱրմենՏելի» գործունեությանն առնչվող խնդիրը: Հիշեցնենք, որ Հայաստանի հեռահաղորդակցային ցանցի սեփականատեր հանդիսացող «ԱրմենՏել» ընկերության արժեթղթերի 90 տոկոսը պատկանում է հունական OTE կորպորացիային: ՀՀ վարչապետն ընդգծել է, որ Հայաստանի կառավարությունը շահագրգիռ է այդ ընկերության հետ շարունակելու փոխշահավետ գործակցությունը, սակայն հաշվի առնելով բարձր տեխնոլոգիաների ոլորտում աշխարհում ընթացող զարգացումները, ձգտում է իր երկրում ունենալ հեռահաղորդակցության եւ կապի ժամանակակից որակ եւ մակարդակ: Միեւնույն ժամանակ Ա. Մարգարյանը նշել է, որ հայկական կողմը մտադիր չէ մեկ ընկերության հետ կապված խնդիրները տարածել հայ-հունական միջկառավարական ջերմ ու բարեկամական հարաբերությունների վրա: Հույն դիվանագետը եւս հավաստել է բոլոր ոլորտներում հայ-հունական հարաբերությունները զարգացնելու իր երկրի կառավարության պատրաստակամությունը: