Հայաստանը պետք է պատրաստ լինի Արևմուտքի հնարավոր ռազմական գործողություններին Իրանի հանդեպ, Երևանում մամլո ասուլիսի ժամանակ հայտնել է փորձագետ Սարգիս Ասատրյանը: «Պատերազմ սկսվելու դեպքում իրանցիների ալիք կհորդի Հայաստան, ինչը կարող է հումանիտար աղետի հանգեցնել»,- նշել է նա: Ասատրյանն ընդգծել է, որ Հայաստանը չի կարող գլուխ հանել փախստականների նման քանակից: Այս կապակցությամբ նա նկատել է, որ Հայաստանում առայժմ ոչինչ չի արվում դեպքերի զարգացման նման սցենարին պատրաստվելու համար:
Ընդ որում, փորձագետը հավելել է, որ պատերազմը մոտ ժամանակներս քիչ հավանական է:
ԱՄՆ-ն ու Արևմուտքի մի շարք երկրներ Իրանին կասկածում են միջուկային զենքի մշակման մեջ` խաղաղ ատոմի ծրագրի քողի տակ: Թեհրանը հերքում է բոլոր մեղադրանքները` պնդելով, որ իր միջուկային ծրագիրն ուղղված է բացառապես երկրի էլեկտրաէներգիայի պահանջարկի բավարարմանը: Իրանի հանդեպ գործում են ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի 4 պատժամիջոցային բանաձևեր` 1737, 1747, 1803 և 1929: