
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հունվարի 25-ին հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն` նվիրված մայրաքաղաք Ստեփանակերտի բարեկարգման աշխատանքներին: Նախագահականից հայտնում են, որ հատուկ ուշադրություն է դարձվել բազմաբնակարան շենքերի տանիքների կապիտալ վերանորոգման և բակերի ու ընդհանուր օգտագործման տարածքների բարեկարգման հարցերին:
Նախագահը նշել է, որ թեպետ այս ուղղությամբ արդեն իսկ մեծ աշխատանք է կատարվել, սակայն իրավիճակը դեռևս բավարար համարել չի կարելի: Բակո Սահակյանն ընդգծել է առկա խնդիրների համալիր լուծման անհրաժեշտությունը` հավելելով, որ Ստեփանակերտը, լինելով հանրապետության դեմքը, որտեղ կենտրոնացված է բնակչության պատկառելի զանգվածը, պետք է ունենա հարմարավետ ապրելու համար համապատասխան պայմաններ և արժանավայել տեսք:
Երկրի ղեկավարը առկա խնդիրների լուծման վերաբերյալ կոնկրետ հանձնարարականներ է տվել կառավարությանը: Նախագահը, մասնավորապես, հանձնարարել է Ստեփանակերտի քաղաքապետարանի հետ միասին հնարավորինս կարճ ժամկետում մշակել մայրաքաղաքի բազմաբնակարան շենքերի բակերի ու ընդհանուր օգտագործման տարածքների բարեկարգման և տանիքների կապիտալ վերանորոգման համապարփակ ծրագիր, կազմել աշխատանքների իրականացման ժամանակացույց` հաշվի առնելով առկա իրավիճակն ու խնդիրների առաջնահերթությունը, և ապահովել իրականացվող աշխատանքների լուսաբանումը ԶԼՄ-ներում: