Բոսնիայի ու Հերցոգովինայի խորհրդարանը կոչ է արել Ֆրանսիայի Սենատին ընդունել բոսնիացիների ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրնագիծ: Ինչպես հայտնում են ԶԼՄ-ները, Բոսնիայի ու Հերցոգովինայի ներկայացուցիչների պալատը հարցապնդումով դիմել է Ֆրանսիայի Սենատին: Ֆրանսիայի Սենատին ուղղված ուղերձում առաջարկվում է օրենքով պատժել նրանց, ով ժխտում է բոսնիացիների ցեղասպանության փաստը նախկին Հարավսլավիայում:
Ավելի վաղ Բոսնիայում ու Հերցոգովինայում 31 տարվա ազատազրկման դատապարտվեց սերբ Վուկովիչը, որը մեղավոր է հազարավոր ռազմագերիների գնդակահարության մեջ:
Հունվարի 23-ին Ֆրանսիայի Սենատը կողմ է քվեարկել ցեղասպանությունների,այդ թվում` Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծին: Ընդհանուր առմամաբ քվեարկել են 213 սենատորներ, որոնցից 127-ը «կողմ», 86-ը «դեմ»: Օրինագիծը մերժման համար նախատեսում է 1 տարվա ազատազրկում և 45 հազար եվրո տուգանք:
Թուրքիան շատ ցավագին արձագանքեց օրինագծի ընդունմանը՝ հայտարարելով, թե կսառեցնի համագործակցությունը Ֆրանսիայի հետ ամենատարբեր ոլորտներում:
Օրինագծի ընդունման դեպքում Թուրքիայի իշխանությունները սպառնում էին Ֆրանսիայի հետ բոլոր դիվանագիտական կապերի խզումով: Ավելին, Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ երբեք չի այցելի Ֆրանսիա, եթե օրինագիծը ընդունվի: