25 հոկտեմբերի 2003 - 00:14 AMT
ԹՈՒՐՔԱԿԱՆ ԿՈՂՄԻՑ ԴԵՊԻ ՀԱՅԱՍՏԱՆ ԱՎԻԱՉՎԵՐԹԻ ԲԱՑՈՒՄԸ ՉԻ ՆՇԱՆԱԿՈՒՄ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԿԱՊԵՐԻ ՀԱՍՏԱՏՈՒՄ
Թուրքական կողմից Ստամբուլ-Երեւան չվերթի բացումը չի նշանակում Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ տնտեսական կապերի հաստատում: Այդ մասին, ինչպես հաղորդում է «Թրենդ» գործակալությունը, հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Վիլայաթ Գուլիեւը: «Թուրքիան ներկայումս բանակցություններ է վարում Եվրամիությանն անդամակցման համար եւ ԵՄ կողմից Թուրքիայի առջեւ դրված պահանջներից մեկը հարեւան երկրների հետ հարաբերությունների նորմալացումն է: Եվ այդ չվերթը կարելի է գնահատել որպես Անկարայի կողմից այդ ուղղությամբ ձեռնարկված քայլ: Բայց յուրաքանչյուր նման քայլից առաջ Թուրքիան պետք է բավարար չափով վերլուծի դրա ողջ օգուտը եւ հնարավոր վնասը»,- ասել է նախարարը: Միեւնույն ժամանակ Վ. Գուլիեւը նշել է շատ հարցերի շուրջ Թուրքիայի եւ Ադրբեջանի համերաշխությունը: Նախարարը տեղեկացրել է, որ մի քանի տարի առաջ Ադրբեջանից հունական Կիպրոս չարտերային չվերթ բացելու փորձեր էին ձեռնարկվում, սակայն նախագահ Հեյդար Ալիեւը վճռականորեն մերժեց նման նախաձեռնությունը: «Բնականաբար, մենք նման քայլ ենք ակնկալում նաեւ Թուրքիայից»,- ընդգծել է նա: