27 հունվարի 2012 - 10:16 AMT
Քլինթոն. Ի տարբերություն Ֆրանսիայի` ԱՄՆ չի պատրաստվում Հայոց ցեղասպանության ժխտման համար քրեական պատիժ սահմանել

ԱՄՆ չի պատրաստվում Հայոց ցեղասպանության ժխտման համար քրեական պատիժ սահմանել, ինչպես վերջերս արեց Ֆրանսիան: Ինչպես հայտնում է ՌԲԿ-ն, այդ մասին երկրի Պետդեպարտամենտի աշխատակիցների հետ կայացած հանդիպմանը ասել է Հիլարի Քլինթոնը: «ԱՄՆ ուժեղ կողմերից է այն, որ մենք մարդկանց իրենց արտահայտությունների համար չենք պատժում:

Մարդիկ կարող են ասել գրեթե այն ամենն, ինչ ուզում են: ԱՄՆ-ում նրանք այդպես էլ անում են: Մյուս երկրները կարող են այլ ստանդարտներ և կանոններ ունենալ: Սակայն հուսով եմ, որ մենք երբևէ որևէ մեկին չենք պատժի արված արտահայտությունների համար»,-հայտարարել է նա:

Ընդ որում, նա նկատել է, որ Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը քաղաքական գործիչները չէ, որ պետք է լուծեն, այլ պատմաբանները:

Հունվարի 23-ին Ֆրանսիայի Սենատը կողմ է քվեարկել ցեղասպանությունների, այդ թվում` Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծին: Օրինագծի քվեարկությանը մասնակցել է 213 սենատոր, օրինագիծն ընդունվել է 127 «կողմ» և 86 «դեմ» ձայներով: Օրինագիծը ժխտման համար նախատեսում է 1 տարվա ազատազրկում և 45 հազ. եվրոյի չափով տուգանք: 2011թ. դեկտեմբերի 22-ին օրինագիծն ընդունվել էր Ֆրանսիայի Ազգային ժողովում:

Թուրքիան սպառնում էր լիովին խզել հարաբերությունները Ֆրանսիայի հետ օրինագծի ընդունման դեպքում: Ավելին` թուրք վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ օրինագծի ընդունման դեպքում ինքը այլևս երբեք Ֆրանսիա չի մեկնի: