24 հոկտեմբերի 2003 - 19:27 AMT
ՀԱՅԱՍՏԱՆԸ ԵՎ ՎՐԱՍՏԱՆԸ ՁԳՏՈՒՄ ԵՆ ԿԱՆԽԵԼ ՀՆԱՐԱՎՈՐ ԱՆԿԱՐԳՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՋԱՎԱԽՔՈՒՄ` ՎՐԱՍՏԱՆԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ
Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Կառլոս Պետրոսյանը նախօրեին հանդիպել է իր վրացի գործընկեր Ավթանդիլ Խաբուրձանիայի հետ: Ինչպես տեղեկացնում է «Ա-ինֆո» գործակալությունը, հանդիպումը կայացել է Վրաստանի հայաբնակ Սամցխե-Ջավախեթի շրջանի վարչական կենտրոնում` Ախալքալաքում, փակ դռնների ետեւում: Այնուհետեւ տեղի է ունեցել Պետրոսյանի եւ Խաբուրդզանիայի հանդիպումը շրջանի ակտիվի հետ: Ջավախքի հայերը շոշափել են Բավրա-Նինոծմինդա ավտոճանապարհի Հայաստանի կողմից վերանորոգման, Ջավախք-Թուրքիա սահմանի Վրաստանի կողմից անպաշտպանվածության, Վրաստանի որոշ քաղաքական եւ պետական այրերի կողմից հայերի նկատմամբ ազգայնական-վիրավորական հայտարարությունների, ինչպես նաեւ առաջիկա խորհդարանական ընտրություններին տեղական ուժային մարմինների կողմից հնարավոր ճնշումը կանխելուն վերաբերող հարցերը: Հավաստի աղբյուրների տեղեկացմամբ, այդ հանդիպման քննարկման գլխավոր թեմաներից մեկն եղել է նոյեմբերի 2-ին Վրաստանում կայանալիք ընտրությունների ընթացքում եւ դրանցից հետո Ջավախքում անկարգությունների բացառումը: