22 հոկտեմբերի 2003 - 20:18 AMT
ՎՐԱՍՏԱՆԸ ԵՎ ԹՈՒՐՔԻԱՆ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎՈՒՄ ԵՆ ՌԱԶՄԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Երկօրյա այցով Վրաստան է ժամանել Թուրքիայի ցամաքային զորքերի հրամանատար Հայթաչ Հայդմանը: Վրաստանի պաշտպանության նախարար Դավիթ Թեւզաձեի հետ բանակցությունների ընթացքում նա կքննարկի ռազմատեխնիկական համագործակցության հարցեր: Ռուսական ԶԼՄ-ների հաղորդագրության համաձայն, մասնավորապես, խոսք կգնա Թուրքիայի պաշտպանության նախարարության կողմից վրացական զինված ուժերի զարգացման համար դրամաշնորհի հատկացման մասին: Վերջին տարիների ընթացքում Թուրքիան ընդհանուր առմամբ հատկացրել է 25 մլն դոլար (մի գումար, որը մոտավորապես հավասար է այս տարվա Վրաստանի պաշտպանական ծախսերին), որոնք կօգտագործվեն Վազիանիի նախկին ռուսական ռազմակայանի ենթակառուցվածքների վերանորոգման եւ սարքավորումներով հագեցնելու, Մառնեուլիի ռազմական օդակայանի արդիականացման, վրացի ռազմական մասնագետների պատրաստման նպատակներով: Բացի այդ Թուրքիան անհատույց փոխանցել է Վրաստանին ափամերձ պահպանման մի քանի ռազմանավակ: