18 հոկտեմբերի 2003 - 20:43 AMT
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՄԻՋԵՎ ՕԴԱՅԻՆ ԿԱՄՐՋԻ ՍՏԵՂԾՄԱՆԸ ՊԵՏՔ Է ՀԵՏԵՎԻ ՑԱՄԱՔԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԻ ԲԱՑՈՒՄԸ
Թուրքիայի խորհրդարանի նախկին նախագահ Սաբիթ Օսման Ավջն անհրաժեշտ է համարում է Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունների անհապաղ կարգավորումը: Ըստ թուրքական «Հյուրիեթ» թերթի, հաղորդում է «Արմինֆո» գործակալությունը, նա այդ մասին հայտարարել է` մեկնաբանելով նախօրեին Ստամբուլ-Երեւան առաջին չվերթի իրականացումը թուրքական «Ֆլայ էյր» ընկերության կողմից: Ս.Ավջի կարծիքով, ավելի լավ կլինի, որպեսզի հարեւան երկու պետությունները հաշտ ապրեն: Ըստ թուրքական թերթերի, նախկին խոսնակի կարծիքը լիովին կիսում է նաեւ թուրք գործարար Մուրաթ Յալչընթաշը: Նրա խոսքերով, «հարեւանների հետ համագործակցության ամենադյուրին ձեւը սահմանակից առեւտուրն է»: Գործարարը համոզված է, որ «ավիակամրջի» հաստատմանը պետք է հետեւի «ցամաքային դարպասի» շուտափույթ բացումը: Նշենք, որ հոկտեմբերի 16-ին Ստամբուլ-Երեւան առաջին չվերթով Հայաստանի մայրաքաղաք է ժամանել 80 ուղեւոր: