13 հոկտեմբերի 2003 - 22:40 AMT
ՀԱՅ ԵՎ ԲԵԼԱՌՈՒՍ ԳՈՐԾԱՐԱՐՆԵՐԸ ՔՆՆԱՐԿՈՒՄ ԵՆ ՓՈԽՇԱՀԱՎԵՏ ԱՌԱՋԱՐԿՆԵՐ
Նախորդ տարի հայ գործարարների Բելառուս կատարած այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, Երեւան է ժամանել բելառուս գործարարների պատվիրակությունը Առեւտրա-արդյունաբերական պալատի նախագահ Վլադիմիր Բոբրովի գլխավորությամբ: Պատվիրակության կազմում հիմնականում ներգրավված են մեքենաշինական ընկերությունների, այդ թվում` Մինսկի ավտոմոբիլային եւ տրակտորային գործարանների ղեկավարները: Այցի ընթացքում, որը կշարունակվի մինչեւ հոկտեմբերի 15-ը, բելառուս եւ հայ գործարարները կքննարկեն մի շարք փոխշահավետ առաջարկներ: Մասնավորապես կքննարկվի բելառուսական արտադրության ավտոբուսների Հայաստան առաքման հարցը: Նշենք, որ ընթացիկ տարվա հունվար-օգոստոս ամիսներին առեւտրի ծավալը երկու երկրների միջեւ կազմել է 5,8 մլն դոլար, 2002 թվականի նույն ժամանակահատվածի համեմատությամբ, ավելանալով ավելի քան 2 անգամ: