13 հոկտեմբերի 2003 - 20:14 AMT
ԱՄՆ-Ն ԿՈԳՆԻ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ՊԱՅՔԱՐԵԼ ԹՐԱՖԻԿԻՆԳԻ ԴԵՄ
ԱՄՆ-ն 170.000 դոլարի դրամաշնորհ է տրամադրել Միգրացիայի հարցերով միջազգային կազմակերպության (ՄՄԿ) երեւանյան գրասենյակին` Հայաստանում թրաֆիկինգի դեմ պայքարին ուղղված երկու նախագծերի իրագործման համար: Ինչպես այսօր «Մեդիամաքս» գործակալությանն են հայտարարել ՄՄԿ երեւանյան գրասենյակում, առաջին նախագիծը թույլ կտա արտասահմանում աշխատող հայ դիվանագետներին ավելի արդյունավետ աջակցություն ցուցաբերել թրաֆիկինգի զոհ դարձած անձանց: Գրասենյակում հայտնել են նաեւ, որ նախորդ շաբաթ Հայաստանից Ուզբեկստան են վերադարձել թրաֆիկինգի զոհ դարձած երկու կին: Նրանցից մեկին մտադիր էին Հայաստանի տարածքով տեղափոխել Միացյալ Արաբական Էմիրություններ: Երկրորդը ժամանակին Մոսկվայով եւ Կահիրեով տեղափոխվել էր Իսրայել: Այնտեղ նրան հաջողվել էր փախչել եւ նա դիմել էր մոտակա դիվանագիտական ներկայացուցչություն, որը Հայաստանի դեսպանությունն էր: Հայկական կողմը պատրաստակամություն էր հայտնել փաստաթղթեր եւ ավիատոմսեր տրամադրել նրան, ինչի շնորհիվ կինը, խուսափելով ստրկությունից, հայտնվել էր Երեւանում: Մյուս նախագիծը, որը ՄՄԿ երեւանյան գրասենյակը մտադիր է իրագործել դրամաշնորհի շրջանակներում, ուղղված է թրաֆիկինգի զոհերի հետ աշխատող հայկական ոչ կառավարական կազմակերպությունների աջակցմանը: