11 հոկտեմբերի 2003 - 20:56 AMT
«ՆԱԻՐԻՏ» ԳՈՐԾԱՐԱՆԸ ԿՀԱՆՁՆՎԻ ՌՈՒՍԱՍՏԱՆՅԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆԸ
Հոկտեմբերի վերջին նախատեսվում է ստորագրել պայմանագիր` քիմիական «Նաիրիտ» գործարանը Ռուսաստանի «ՌունաԲանկ»-ին պատկանող «Նաիրիտ տրաստ» ֆիրմայի հավատարմագրային կառավարմանը հանձնելու վերաբերյալ: Այդ մասին «Արմինֆո» գործակալությանը տեղեկացրել է Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Տիգրան Սարգսյանը: Նրա խոսքերով` այդ պայմանագիրը կստորագրվի ՀՀ Կենտրոնական բանկի հետ, որի խնամակալության տակ է գտնվում «Նաիրիտի» բաժնետոմսերի փաթեթի սեփականատեր «Հայկապբանկը»: Տ.Սարգսյանը նշել է նաեւ, որ ներկայումս զուգահեռաբար նախապատրաստվում է «Նաիրիտի» բաժնետոմսերի վաճառքի շուրջ պայմանագիր, որը կստորագրվի կառավարման մասին պայմանագրի ստորագրումից եւ ԿԲ-ի կողմից գործարանում անցկացվող աուդիտի ավարտից հետո: Ենթադրվում է, որ գործարանի բաժնետոմսերը կրկին ձեռք կբերի «Նաիրիտ տրաստ» ֆիրման, որը ներկայումս ներդրումներ է իրականացնում ձեռնարկությունում: Նշենք, որ ԱՊՀ-ում քլոորոպրենային կաուչուկ արտադրող միակը հանդիսացող «Նաիրիտ» գործարանն օգոստոսին հասել է նախատեսված հզորության` թողարկում է ամսական 900 տոննա կաուչուկ: Գործարանի արտադրանքի հիմնական սպառողը Ռուսաստանն է: