Իրանի դեմ ԱՄՆ և արևմտյան երկրների պատերազմը իսկական աղետ կլինի Հարավային Կովկասի պետությունների համար: Այդ մասին Երևան-Մոսկվա հեռուստակամրջի ժամանակ հայտարարել է «Նորավանք» հիմնադրամի փոխնախագահ Սևակ Սարուխանյանը: Նա ընդգծել է, որ ներկայումս Իրանը տարածաշրջանում ուժերի հավասարկշռման կարևոր դեր է խաղում, որի խախտման դեպքում Իրանի հայկական սփյուռքը և մշակույթը կվերանան: Սարուխանյանը նաև ընդգծել է, որ պատերազմի վտանգը սպառնալիքի տակ է դնում Հայաստանի և Իրանի մի շարք խոշոր տնտեսական նախագծեր, որոնց մասին պայմանավորվածություններ արդեն կան: Խոսքը, մասնավորապես, գազատարի կառուցման մասին է:
Իր հերթին Հայաստանի ԳԱ արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը ընդգծել է, որ հնարավոր պատերազմը ամենամեծ ազդեցությունը կունենա Հայաստանի վրա: Որպես սպառնալիքներ նա նշել է Իրանի հետ ճանապարհի փակումը, ինչը կարևոր դեր է խաղում շրջափակման մեջ գտնվող Հայաստանի համար: Բացի այդ, նշվել են իրանցի փախստականների կուտակումները, ինչպես նաև Ադրբեջանի հետ պատերազմի վերսկսումը: