3 փետրվարի 2012 - 13:50 AMT
Anonymous-ի հերթական թիրախը Հունաստանի կառավարական կայքերն են

Anonymous հաքերային խմբավորումը կիբերհարձակման է ենթարկել Հունաստանի Արդարադատության նախարարության կայքը՝ այսպես ցույց տալով իր բողոքն ընդդեմ ACTA օրինագծի, որի տակ ստորագրել է Հունաստանի կառավարությունը։

Anonymous-ն այս քայլով զգուշացրել է իշխանություններին, որ շարունակելու է հարձակվել ավելի քան 300 լրատվական և կառավարական կայքերի վրա, եթե Հունաստանի կառավարությունը երկու շաբաթվա ընթացքում չվերանայի իր դիրքորոշումը, հայտնում է thenextweb.com-ը։

Այս պահին Հունաստանի Արդարադատության նախարարության կայքը գտնվում է վերականգնման փուլում։ Anonymous-ը կայքում իր թողած հաղորդագրության մեջ գրել է, որ տիրացել է Հունաստանի մի շարք լրատվական կայքերի ադմինիստրատորների գաղտնաբառերին։ Այս դեպքը սկսել է հետաքննել Հունաստանի ոստիկանությունը։

Վերջին 3 շաբաթների ընթացքում Anonymous հաքերային խմբավորումը կիբերհարձակումների է ենթարկել Ֆրանսիայի, Լեհաստանի, ԱՄՆ-ի կառավարական կայքերը։ Բոլոր այս հարձակումներով խմբավորումը պայքարում է SOPA/PIPA և ACTA օրինագծերի և Megaupload ֆայլերի փոխանակման կայքը փակելու դեմ։ Այս օրինագծերը ենթադրում են ինտերնետի վերահսկում իշխանությունների և հեղինակային իրավունքները կրողի կողմից։

Anonymous-ը հայտնի է 2011-ին կատարած մի շարք DDoS հարձակումներով խոշոր ընկերությունների և կառավարական կայքերին ուղղված՝ PayPal-ին, Visa-ին, MasterCard-ին, Sony-ի PlayStation ցանցին և այլն։ Իր հաղորդագրություններում Anonymous-ը մշտապես հայտնում է, որ պայքարում է այսպես կոչված իշխանությունների՝ ինտերնետը գրաքննելու որոշումների և կաշառակերության դեմ։ Ամբողջ աշխարհում կատարվել և կատարվում են Anonymous խմբի մի շարք անդամների ձերբակալություններ։