3 փետրվարի 2012 - 14:56 AMT
Ինչպիսի՞ն է լինելու Windows Phone 8-ը

Microsoft-ի բջջային օպերացիոն համակարգ Windows Phone 7.5-ին փոխարինելու է գալու Windows Phone 8։ PocketNow կայքը որոշ մանրամասներ է պարզել օպերացիոն համակարգի նոր տարբերակի մասին։ Ըստ խմբագրության նոր տարբերակի, ծածկագիրն է լինելու Apollo։ Այն ի տարբերություն WP7-ի՝ համատեղելի է լինելու տարբեր հզորության պրոցեսորներով աշխատող և էկրանի տարբեր անկյունագծեր ունեցող սարքերի հետ։

WP8-ն ունենալու է NFC ֆունկցիա (Near Field Communication), որը թույլ կտա սմարթֆոնով կատարել վճարումներ։ Նշվում է նաև, որ WP7-ի համար նախագծված ծրագրերը համատեղելի կլինեն նաև WP8-ի հետ։ WP8-ի հիմնական բրաուզերն է լինելու Internet Explorer 10-ը, որն օժտված է լինելու տվյալների «սեղման» հնարավորությամբ, ինչպես օրինակ Opera Mini բրաուզերը, որի շնորհիվ օգտագործողը կարողանում է ավելի արագ բեռնել էջը և խնայել բջջային ինտերնետի ծախսերը։ Ըստ երևույթին, WP8-ում լինելու է նաև Skype ծրագիրը։

Այս ողջ տեղեկությունները PocketNow-ին հասանելի է դարձել շնորհիվ մի տեսանյութի, որը ստեղծվել է Microsoft փոխնախագահի կողմից և նախատեսված է եղել Nokia-ի ղեկավարների համար։

Ըստ տեխնոբլոգ TechCrunch-ի, Windows Phone 8-ը լույս է տեսնելու 2012-ի վերջին եռամսյակում։

Windows Phone 7 բջջային ՕՀ-ն ներկայացվել է 2010-ին։ Իսկ 2011-ին Microsoft-ը թողարկեց ՕՀ-ի նոր թարմացումը՝ WP 7.5-ը Mango ծածկանվամբ։ Windows Phone 7-ով աշխատող սմարթֆոններ են արտադրում Samsung, LG, Nokia և HTC ընկերությունները։ Nokia-ի և Microsoft-ի միջև կնքված պայմանագրով Windows Phone-ը համարվում է Nokia-ի բոլոր սմարթֆոնների հիմնական օպերացիոն համակարգը։