Եթե եկեղեցին ավելի ճկուն արձագանքի, Սուրբ Սարգսի տոնը Հայաստանում մեծ հեռանկար կունենա, մամլո ասուլիսի ժամանակ նշեց ԵՊՀ պատմության ֆակուլտետի մշակութաբանության ամբիոնի վարիչ, պ.գ.դ. Համլետ Պետրոսյանը: Նրա խոսքով մարդիկ միշտ էլ սիրո կարիք ունեն, նրանք հետևում են նման տոներին և բնական է նշել ամբողջ աշխարհում Սուրբ Վալենտինի տոնի ժողովրդականությունը: Նրա խոսքով, այսօր մեր երկրում տեղի է ունենում տոնի հարությունը և արձագանքում է ժամանակակից պահանջները:
Բանախոսը նաև նշեց, որ մեր սրբի տոնին բիզնեսը չի արձագանքում, մինչ դեռ Վալենտինի օրը խանութները ողողված են սրտեր պատկերող բազմապիսի ատրիբուտներով:
Սուրբ Սարգսի մասին առաջին անգամ մեծ վկայություն է տալիս 5-րդ դարի 2-րդ կեսի պատմիչ Փավստոս Բուզանդը, իսկ Սուրբ Սարգսին նվիրված առաջին եկեղեցին 5-րդ դարի 70-ական թթ-ին կառուցված Տեկորի տաճարն է: Աշտարակի Կարմրավոր եկեղեցու պատին պատկերված է սուրբը, ով ձիու վրա նստած խոցում է վիշապին: Սարգսի պաշտամունքը մեծ ժողովրդականություն սկսեց վայելել հատկապես 12-րդ դարում, երբ Զաքարյան իշխանները պայքարում էին վրացական եկեղեցու դեմ: Վրաց եկեղեցին ամեն կերպ փորձում էր ապականել սրբի կերպարը:
Այս տարի Հայ Առաքելական եկեղեցին Սուրբ Սարգսի տոնը նշում է փետրվարի 4-ին, աղաբլիթ պետք է ուտել փետրվարի 3-ի գիշերը: