3 փետրվարի 2012 - 15:39 AMT
Վրաստանում խցանված ՀՀ քաղաքացիներից ոմանք տեղափոխվել են հիվանդանոց

Հայաստանի մի քանի քաղաքացիներ տեղափոխվել են Վրաստանի Կազբեգի շրջանի Ստեփանծմինդայի հիվանդանոց: Ռուսաստանից Հայաստան մեկնող շուրջ 20 ավտոմեքենաներ կուտակվել են սահմանամերձ գոտում՝ նրանց ուղևորները ՀՀ և ՌԴ քաղաքացիներ են, հայտնել է նահանգապետի աշխատակազմը:

Ավտոմեքենաները չեն կարողանում շարունակել ճանապարհն արդեն 3 օր շարունակ: Այսօր առավոտյան որոշ ուղևորներ վատ են զգացել, հատկապես ծանր է ՀՀ մի քաղաքացուհու վիճակը, որը տառապում է շաքարախտով:

Բժիշկները նրանց անհրաժեշտ օգնություն են ցուցաբերել: Մյուս վարորդներն ու ուղևորները տեղավորվել են հյուրանոցներում:

Դեռևս հայտնի չէ, թե երբ կվերականգնվի երթևեկությունը: Ճանապարհն ամբողջությամբ մաքրելու համար կպահանջվի առնվազն 3 օր: