3 փետրվարի 2012 - 16:38 AMT
Վերլուծաբանները գնահատել են 2011թ. ղարաբաղյան գործընթացում ԵՄ մասնակցության աստիճանը

«Արտաքին հարաբերությունների եվրոպական խորհուրդ» համաեվրոպական վերլուծական կենտրոնը հրապարակել է «Եվրամիության արտաքին քաղաքական ցուցանիշները» զեկույցը, որում անդրադարձել է ղարաբաղյան հակամարտության խնդրին: Վերլուծաբանները կարծում են, որ ԵՄ արտաքին քաղաքականությունը 2011-ին ձախողվել է միանգանից մի քանի ուղղություններում:

Մասնավորապես, հիշատակվում են Թուրքիայի հետ հարաբերությունները, ինչպես նաև Չինաստանում մարդու իրավունքների պաշտպանությունը:

Վերլուծաբաններն անդրադարձել են նաև ղարաբաղյան հիմնահարցին, նշելով, որ անցած տարի Հայաստանի և Ադրբեջանի միջև լարվածությունն աճել է, որի արդյունքում կարող է առաջանալ հակամարտության անսպասելի թեժացում: Նրանք նշում են, որ այս հակամարտության մեջ ԵՄ-ն ունի ազդեցության շուրջ լծակներ: ԵՄ-ն որպես կառույց ընդգրկված չէ գործընթացում, սակայն այնտեղ գտնվում են Ռուսաստանը, ԱՄՆ-ը և Ֆրանսիան՝ հանդես գալով որպես ԵԱՀԿ ՄԽ համանախագահներ:

Զեկույցում նշվում է, որ անցած տարի ԵԱՀԿ ՄԽ-ն անցկացրել է մի քանի հանդիպումներ, բայց առանցքային դերը պատկանել է Ռուսաստանին: Սակայն ՌԴ նախագահի կողմից նախաձեռնված եռակողմ հանդիպումներն արդյունք չեն տվել: ԵՄ-ին չի հաջողվել անհրաժեշտ քննարկումներ կազմակերպել այս հարցի շուրջ առանցքային խաղացողների՝ Ռուսաստանի և Թուրքիայի հետ:

Այսպիսով, «Արտաքին հարաբերությունների եվրոպական խորհուրդ» համաեվրոպական վերլուծական կենտրոնը ղարաբաղյան հակամարտության գործընթացում ԵՄ ներգրավվածությունը գնահատել է «C» մակարդակում: