8 հոկտեմբերի 2003 - 23:38 AMT
ՄԻՋՆՈՐԴՆԵՐԸ ԴԵՌԵՎՍ ՊԱՏՐԱՍՏ ՉԵՆ ԹՂԹԻՆ ՀԱՆՁՆԵԼ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՆՈՐ ԱՌԱՋԱՐԿՆԵՐԸ
Դեռւես վաղ է խոսել այն մասին, որ տարածաշրջան նախատեսվող այցի ընթացքում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կողմերին կներկայացնեն Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման փաստաթղթի տեսքով ձեւակերպված առաջարկներ: Այսօր այդ մասին «Մեդիամաքս» գործակալությանն է հայտարարել ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանյան համանախագահ Յուրի Մերզլյակովը: «Մենք դեռ քննարկելու եւ մանրամասնելու ենք այդ առաջարկները: Խոսքը գնում է ամենանախնական գաղափարների մասին, որոնք վերաբերվում են նույնիսկ ոչ թե կարգավորմանը, այլ խաղաղ գործընթացի վերսկսմանը», - ասել է ռուսաստանցի համանախագահը: Պատասխանելով այն հարցին, թե արդյո՞ք ուժի մեջ կմնան 2001 թվականին Փարիզում եւ Քի Վեսթում ձեռք բերված պայմանավորվածությունները, Մերզլյակովն ասել է. «Մենք ելնում ենք այն պայմանավորվածություններից, որոնք ձեռք են բերվել երկու երկրների նախագահների միջեւ: Այլ պայմանավորվածությունների մասին ես ոչինչ չգիտեմ: Մենք ելնում ենք այն կետից, որի վրա կանգ էին առել Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները գրեթե մեկ տարի առաջ կայացած իրենց վերջին հանդիպման ժամանակ»: