8 հոկտեմբերի 2003 - 22:33 AMT
ՀԱՅԱՍՏԱՆԸ ՇԱՀԱԳՐԱԳՌՎԱԾ Է ՈՒԿՐԱԻՆԱՅԻՑ ՌԱԶՄԱԿԱՆ ՏԵԽՆԻԿԱՅԻ ՁԵՌՔ ԲԵՐՄԱՄԲ
Հայաստանը շահագրգռված է Ուկրաինայից ռազմական տեխնիկայի եւ զինամթերքի ձեռք բերմամբ: Այդ մասին, ինչպես հաղորդում է «Արմինֆո» գործակալությունը, լրագրողներին է հայտարարել Հայաստանի պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը` Կիեւում իր ուկրաինացի գործընկերոջ Եվգենի Մարչուկի հետ հանդիպումից հետո: Հայաստանի նախարարը նշել է, որ խորհրդային շրջանում Հայաստանի տարածքում ռազմական տեխնիկայի մեծ պահեստներ եւ զինանոցներ չեն եղել, ուստի ներկայումս Հայաստանը զինամթերքի եւ ռազմական տեխնիկայի կարիք ունի իր զինված ուժերի մարտունակությունը պահպանելու համար: Ընդ որում Ս.Սարգսյանը չի նշել, թե Հայաստանը հատկապես ինչպիսի տեխնիկա եւ ռազմամթերք է մտադիր գնել: Ուկրաինայի պաշտպանության նախարարն իր հերթին հաղորդել է, որ ավարտին է մոտենում Ուկրաինայի եւ Հայաստանի միջեւ ռազմատեխնիկական համագործակցության շուրջ միջպետական համաձայնագրի նախապատրաստումը: