3 հոկտեմբերի 2003 - 23:50 AMT
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՍԴ ՂԵԿԱՎԱՐՆ ԱՅԺՄԵԱԿԱՆ ՉԻ ՀԱՄԱՐՈՒՄ ԵՐԿՐՈՒՄ ՎՍՏԱՀՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՔՎԵ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄՏՑՆԵԼԸ
Հայաստանի սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանն այժմեական չի համարում հանրապետությունում վստահության հանրաքվե անցկացնելու մասին օրենքում փոփոխություններ մտցնելը: Հիշեցնենք, որ տվյալ օրենքում փոփոխություններ առաջարկել էր մտցնել ՀՀ Սահմանադրական դատարանը 2003 թ. ապրիլի 16-ի իր որոշման մեջ` անցած նախագահական ընտրությունների արդյունքների վերաբերյալ հայցի առնչությամբ: Ինչպես հաղորդում է «Արմինֆո» գործակալությունը, այսօր Գագիկ Հարությունյանն նշել է, որ հանրաքվեի մասին օրենքում փոփոխություններ պետք է մտցվեն համապատասխան օրենսդրական նախաձեռնության առաջադրման եւ խորհրդարանում դրա քննարկման դեպքում: «Սակայն, իմ անձնական համոզմամբ դրա անհրաժեշտությունն արդեն կորցրել է իր հրատապությունը, քանի որ այսօր իրավիճակը երկրում փոքր-ինչ փոփոխվել է ապրիլի համեմատ եւ այդ ժամանակ առկա հասարակական դիմակայություն չի նկատվում»,- գտնում է ՀՀ ՍԴ ղեկավարը: