3 հոկտեմբերի 2003 - 23:55 AMT
ՆԱՏՕ-Ի ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉԸ ՎԱՂԱԺԱՄ Է ԳՏՆՈՒՄ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍԻ ԵՐԿՐՆԵՐԻ ԴԱՇԻՆՔԻՆ ԱՆԴԱՄԱԿՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԽՈՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ՆԱՏՕ-ն ակնկալում է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբին կհաջողվի գտնել Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծումը, ինչը Հյուսիսատլանտյան դաշինքին թույլ կտա ավելի սերտ համագործակցել Հայաստանի եւ Ադրբեջանի հետ: Այդ մասին, ինչպես հաղորդում է «Մեդիամաքս» գործակալությունը, այսօր Երեւանում հայտարարել է ՆԱՏՕ-ի մամուլի ծառայության ներկայացուցիչ Դեսպինա-Ինո Աֆենտուլին` ելույթ ունենալով «ՆԱՏՕ-ն եւ անվտանգության հեռանկարները Հայաստանում» սեմինարի ժամանակ: Մեկնաբանելով Վրաստանի եւ Ադրբեջանի ՆԱՏՕ-ում ինտեգրվելու ձգտումը, նա նշել է, որ մինչեւ տարածաշրջանում առկա հակամարտությունները չկարգավորվեն, վաղաժամ է խոսել ՆԱՏՕ-ին անդամակցելու հնարավորության մասին: Միեւնույն ժամանակ Դեսպինա-Ինո Աֆենտուլին ընդգծել է, որ ՆԱՏՕ-ն չի պատրաստվում կրկնօրինակել Հարավային Կովկասում հակամարտությունների կարգավորման համար միջազգային մանդատ ունեցող միջնորդական առաքելություններին: