Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանն, անդրադառնալով Հայաստանի Գավաթի խաղարկությունը Գյումրիում անցկացնելու փաստին, ասել է, որ այդ որոշումն աննախադեպ չէ:
«Ֆուտբոլի երկրպագուները հիշում են, որ 2008 թվականին էլ Գավաթի խաղարկության եզրափակիչն անցկացվել է Իջևանում: Ֆուտբոլի համաչափ զարգացումը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի առաջնահերթություններից է: Ֆուտբոլային ենթակառուցվածքների զարգացումը, ֆուտբոլային մթնոլորտը նաեւ մարզեր տեղափոխելը ֆուտբոլի զարգացման ուղղություններից մեկն է: Այս մեխանիզմը վաղուց կիրառվում է եվրոպական երկրներում: Նույնիսկ ազգային հավաքականների հանդիպումներն են անցկացվում մայրաքաղաքներից դուրս: Գավաթի խաղարկությունն այս անգամ անցկացնելով Գյումրիում` մենք մեծ ֆուտբոլային տոն ենք պարգևելու երկրպագուներին»,- ասել է Հայրապետյանը ՀՖՖ պաշտոնական կայքին: ՀՖՖ նախագահն ընդգծել է, որ ամեն ինչ անելու է, որպեսզի Գյումրիում ֆուտբոլը զարգանա:
Հայաստանի Գավաթի խաղարկության եզրափակիչ հանդիպումը տեղի է ունենալու ապրիլի 29-ին, Գյումրիի «Քաղաքային» մարզադաշտում: Նույն օրը կայանալու է նաև Գյումրիի «Քաղաքային» վերակառուցված մարզադաշտի հանդիսավոր բացումը: