8 փետրվարի 2012 - 17:38 AMT
ՀՀ բջջային օպերատորների սերվերները «տեղը տեղին» պաշտպանված են

Այսօր «Ժողովուրդ» օրաթերթը տարածել էր տեղեկություն այն մասին, թե Հայաստանի երեք բջջային օպերատորների գրասենյակներից բաժանորդների տվյալների բազաները հափշտակած անհայտ երիտարսարդների գործը գտնվում է Կոտայքի ոստիկանության բաժնում։ Թերթը՝ հղում տալով ոստիկանության իր գաղտնի աղբյուրին, նշում է, որ ավազակները վաճառել են այդ տվյալները և որ այս գործը բացահայտել է ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի 6-րդ գլխավոր վարչությունը։

Այս տեղեկությունների հետ կապված առայժմ ՀՀ ոստիկանությունը և համապատասխան վարչությունը ոչ մի մեկնաբանություն չեն տարածում։

Իրենց մեկնաբանությունն այս տեղեկությունների մասին PanARMENIAN.Net-ի թղթակցի զրույցում հայտնեցին երեք օպերատորները։

«ԱրմենՏել»-ի հանրային կապերի բաժնի ղեկավար Անուշ Բեղլոյանի խոսքով, ԱրմենՏելի սերվերներից տեղեկատվության արտահոսքը բացառվում է. «Թե ինչպես են տվյալներ հայտնվել անհայտ մարդկանց ձեռքում կամ ընդհանրապես դրսում նման տվյալներ, ոստիկանության կամ դատարանի գործն է։ Մեր համակարգերը վերահսկում են յուրաքանչյուր միջամտություն սերվերներին, ամեն վայրկյան ֆիքսվում է, տեսնում ենք ով և երբ է դիմել բազային։ Բացի դրանից սերվերները ֆիզիկապես ոչ մի կերպ միացված չեն ինտերնետին։ Այնպես որ ամեն կերպ արտահոսք կամ տվյալների ներբեռնում բացառվում է»։

ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության հանրային կապերի պատասխանատու Վահե Իսահակյանը մեկնաբանեց այսպես. « Եթե կա մի հարց, որը գտնվում է ՀՀ իրավապահ մարմինների հսկողության ներքո, ապա մենք՝ ՎիվաՍելը ձեռնպահ է մնում որևէ մեկնաբանություն անել»։

Օրանժ Արմենիա ընկերության հանրային կապերի պատասխանատու Լիլիթ Մարտիրոսյանը նշեց, որ Orange Արմենիայի բաժանորդների բազան գտնվում է առավելագույն պաշտպանության ներքո և ոչ իրավասու անձանց համար հասանելի չէ. «Բաժանորդների տվյալների անվտանգությունն ու գաղտնիությունը Ֆրանս Տելեկոմ/Orange-ի բիզնես պատասխանատվության հիմնասյուներից է: Ավելին, պարզապես անհնար է, որ «ինչ-որ երիտասարդներ» գրասենյակից դուրս բերեն այն և նման դեպք չի գրանցվել: Ինչ վերաբերում է տվյալների հանրայնացմանը, ապա այդ փաստի ու դրան վերաբերող հանգամանքների քննությունը կիրականացնեն իրավասու մարմինները, որոնք էլ կարող են տալ համապատասխան եզրակացություն»։

Հայաստանի երեք օպերատորների բաժանորդային տվյալների բազայի հափշտակման մասին լուրերը տարածվել էին դեռևս 2011-ի սեպտեմբեր ամսին կրկին «Ժողովուրդ» թերթի կողմից։ Երեք օպերատորների մեկնաբանությունները թերևս նույնն են, ինչ նախկինում, իսկ ՀՀ ոստիկանությունը դեռևս ոչ մի պաշտոնական մեկնաբանություն չի տարածել։