25 սեպտեմբերի 2003 - 19:00 AMT
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐԸ ՀԵՐՔԵԼ Է ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ԻՐ ՏԵՂԱԿԱԼԻ ԻԲՐ ԱՐԱԾ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ
Անթալիայում կայացած համաժողովում Հայաստանի մշակույթի փոխնախարար Կարեն Արիստակեսյանի իրբ արած հայտարարությունների մասին օրերս թուրքական ԶԼՄ-ների տարածած տեղեկատվության հերքումով է հանդես եկել ՀՀ մշակույթի նախարար Թամարա Պողոսյանը: Երեկ հանդես գալով խորհրդարանում , նա հաղորդել է, որ Անատոլիական լրատվական գործակալության կողմից Կ.Արիստակեսյանին վերագրված հայտարարությունը, թե «պետք է մոռանալ հայերի եւ թուրքերի միջեւ անցյալում տեղի ունեցած բոլոր տհաճ իրադարձությունները» չի համապատասխանում իրականությանը: Նախարարի խոսքերով, նրա տեղակալը իրականում ասել է, որ «Հայաստանը իր մշակութային քաղաքականությունում մեծ նշանակություն է տվել եւ տալիս է երկխոսության զարգացմանը հակամարտությունների կանխարգելման գործում միջմշակութային եւ միջկրոնական երկխոսության միջոցով, մշակույթի գործիչների մասնակցությամբ: Հակամարտությունների կանխարգելման գործում մեծ է ինչպես մշակույթի նախարարների, այնպես էլ` մշակույթի գործիչների դերը»: Հիշեցնենք, որ Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի եւ Թուրքիայի մշակույթի նախարարների հանդիպումը տեղի է ունեցել սեպտեմբերի 18-20 Անթալիայում Եվրահանձնաժողովի «Մշակութային քաղաքականությունը անցումային շրջանում. երկխոսություն եւ նոր գործընկերություն» նախագծի շրջանակներում: