8 փետրվարի 2012 - 20:36 AMT
Բրիտանիայի և Ռուսաստանի ԱԳ նախարարները հեռախոսով զրուցել են Սիրիայի մասին, մանրամասները դեռ հայտնի չեն

Մեծ Բրիտանիայի և Ռուսաստանի արտգործնախարարներ Ուիլյամ Հեյգն ու Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց են ունեցել Սիրիայում առկա իրադրության քննարկման վերաբերյալ, գրում են բրիտանական ԶԼՄ-ները:

30 րոպեանոց զրույցը բրիտանական կողմը գնահատել է որպես «բաց երկխոսություն» և օգտագործել, որպեսզի ռուս գործընկերներին հասցնի իր մտահոգությունը միջազգային հանրության փաստացի անգործության պայմաններում Սիրիայում բռնության շարունակման վերաբերյալ: Զրույցի այլ մանրամասներ առայժմ հայտնի չեն:

Մեծ Բրիտանիան և այլ արևմտյան երկրներ ավելի վաղ դատապարտել էին Ռուսաստանի և Չինաստանի դիրքորոշումը, որոնք փետրվարի սկզբին վետո էին դրել Մարոկկոյի կողմից առաջարկված ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի բանաձևի նախագծի վրա Սիրիայում բռնության դադարեցման վերաբերյալ, որտեղ գրեթե մեկ տարի շարունակվում են իշխանությունների և ընդդիմության բախումները, և որոնց արդյունքում, ՄԱԿ-ի տվյալներով, մոտ հինգ հազար մարդ է զոհվել:

Վերջին օրերին սիրիական իշխանությունները զանգվածային հրաձգության են ենթարկում Հոմս քաղաքը, ինչի արդյունքում մի քանի հարյուր մարդ է զոհվել: Բրիտանական կառավարության խոսքով` ՌԴ և ՉԺՀ կողմից Սիրիայի վերաբերյալ նոր բանաձևի նախագծի արգելափակումը «սպառնալիքի տակ է դնում սիրիական ժողովրդին և ազատ արձակում Բաշար Ասադի վարչակազմի ձեռքերը հետագա ուժային գործողությունների իրականացման համար»: