Արդեն 4-րդ օրն է Երևանում ձյուն չի գալի, բայց փողոցների խնդիրը դեռ լուծված համարել չի կարելի: Ճիշտ է՝ դրանք հիմնականում երթևեկելի են, բայց մաքուր չեն անգամ Կենտրոնում: Բաղրամյան պողոտայում, օրինակ, մեքենաների համար նախատեսված 1-ին շարքի վրա մի քանի մետրը մեկ հսկայական ձնե ու սառցե սարեր են: Եվ ընդհանրապես, գրեթե բոլոր փողոցների միայն կենտրոնական մասն է մաքուր, ինչը բանուկ փողոցներում խցանումների պատճառ դառնալուց բացի նաև խանգարում է մեքենաները կայանելուն, քանի որ փողոցների եզրերին հսկայական սառցե շերտեր են: Իսկ ձյունը մաքրելու համար նախատեսված մեքենաներն ու տեխնիկան իրենց գործը, հավանաբար, ավարտված են համարում…
Շարունակում է արդիական մնալ նաև մայթերի խնդիրը: Ձյան օրերին դրանք գուցե տեղ-տեղ, ժամանակ առ ժամանակ մաքրել են, բայց… եզրերին կուտակված ձյունը ցերեկը հալվում է, լցվում մայթերի բանուկ հատվածը, իսկ գիշերը սառում, առավոտյան էլ դառնում բազմաթիվ սայթաքումների ու հետևաբար նաև կոտրվածքների պատճառ:
Պատկերացնո՞ւմ եք՝ ինչ կլինի, եթե այս սառույցի կույտերի վրա նորից ձյուն գա: Իսկ ձյունը գալու է և այն էլ ընդամենը 2 օրից: Արտակարգ իրավիճակների նախարարության Հայպետհիդրոմետ ծառայությունը տեղեկացնում է, որ Երևանում փետրվարի 16-ին և 19-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է ձյուն և մառախուղ, քամու ուժգնացում 10-15 մ/վրկ: Ինչպե՞ս ենք դիմավորելու գալիք ձյունը: Պատրաստ ե՞նք: Իհարկե ոչ, քանի որ դեռ չենք էլ հասցրել նախորդի հետքերը վերացնել:
PanARMENIAN.Net-ի թղթակիցը փորձում է կապվել Երևանի քաղաքապետարանի հետ, պարզել՝ որն է խնդրի լուծումն ըստ իրենց: Կամ էլ գուցե պարզվի՝ քաղաքապետարանը խնդիրը լուծված է համարում…