14 փետրվարի 2012 - 14:56 AMT
Իրան. Իսրայելն ինքն է կազմակերպել ահաբեկչությունները Հնդկաստանում ու Վրաստանում

Հնդկաստանում ու Վրաստանում ահաբեկչական գործողություններ կատարելու Իսրայելի մեղադրանքները Թեհրանի դեմ ուղղված հոգեբանական պատերազմի ևս մեկ դրսևորում են, հայտարարել է Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Ռամին Մեհմանփարաստը: Ըստ նրա, Իսրայելը ինքն է կազմակերպել ահաբեկչական գործողությունները Հնդկաստանում ու Վրաստանում՝ ստվերելու համար այդ երկրների բարեկամական հարաբերությունները Իրանի հետ:

«Թեհրանը խստորեն դատապարտում է ահաբեկչությունը, քանի որ Իրանն ինքն էլ ահաբեկչության զոհ է»,-ասել է Մեհմանփարաստը:

Հնդկաստանի մայրաքաղաք Դելիում Իսրայելի դեսպանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել:

Ըստ նախնական տեղեկությունների, ավտոմեքենայում ռումբի պայթյունի հետևանքով վիրավորվել է իսրայելցի դիվանագետը: Ահաբեկչությունը տեղի է ունեցել «Հեզբոլլահի» առաջնորդ Իմադ Մուղնիեի սպանության չորրորդ տարելիցի օրը:

Հայտնի է դարձել նմանատիպ ահաբեկչական գործողության փորձի մասին Թբիլիսիում:

Վրաստանի ոստիկանությունը վնասազերծել է Իսրայելի դեսպան Իցխակ Հերբերգի անձնական վարորդի ավտոմեքենայի տակ ամրացված նռնակը, հայտնում են վրացական ԶԼՄ-ները: