14 փետրվարի 2012 - 16:32 AMT
Ֆրանտիշեկ Միկլոշկո. Քրիստոնյա Եվրոպան մոռացել է այն արժեքները, որոնց մասին հիշում են Ղարաբաղում

Երբ ես դիտորդ էի ԼՂՀ ընտրություններում, հասկացա, որ Ղարաբաղը նորմալ ժողովրդավարական երկիր է, որը թռիչք է արձանագրել մարդու իրավունքների ապահովման գործում: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Սլովակիայի Ազգային խորհրդի առաջին նախագահ Ֆրանտիշեկ Միկլոշկոն:

Ըստ Միկլոշկոյի, Ղարաբաղը պետք է ամրապնդի հարաբերությունները երկրների հետ մշակույթի, կրթության ու կրոնի ոլորտներում:

Միկլոշկոն հորդորել է Արևմուտքին աջակցել Ղարաբաղին, քանի որ առանց աջակցության նրան դժվար կլինի ամրապնդել իր պետականությունն ու տնտեսությունը: «Այդ իմաստով Ղարաբաղը նման է Արևմտյան Բեռլինին, որը երբեք չէր զարգանա առանց Արևմուտքի օգնության»,-ասել է նա:

Միկլոշկոն նաև ուշադրությունը հրավիրել է ԼՂՀ քրիստոնեական արժեքների վրա. «Քրիստոնյա Եվրոպան մոռացել է այն արժեքները, որոնց մասին հիշում են Ղարաբաղում»:

Անդրադառնալով սլովակյան ընկերությունների կողմից Ղարաբաղում իրականացվող ծրագրերին՝ Միկլոշկոն ասել է, որ ներդրողների համար տարածաշրջանում բավականին բարդ իրավիճակ է «Իրանի դեմ հնարավոր պատերազմի պատճառով»: «Սակայն, մենք կշարունակենք նախաձեռնել նոր նախագծեր»,-ասել է նա: