14 փետրվարի 2012 - 17:55 AMT
Միհրան Պողոսյան. Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը առաջ է գնացել

ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության միջև այսօր ստորագրվել է 2012-2013 թթ. Համագործակցության միջոցառումների ծրագիր: Այն կազմվել է ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության և ԼՂՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության միջև 2010 թ. մարտի 26-ին Ստեփանակերտում ստորագրված Փոխըմբռնման համաձայնագրի հիման վրա:

Փաստաթուղթը ստորագրել են Հայաստանի Հանրապետության գլխավոր հարկադիր կատարող Միհրան Պողոսյանը և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գլխավոր հարկադիր կատարող Սամվել Շահրամանյանը:

Ողջունելով հյուրերին` ՀՀ գլխավոր հարկադիր կատարող Միհրան Պողոսյանը ուրախությամբ փաստել է, որ Արցախի ԴԱՀԿ-ն նունպես որոշել է անցնել էլեկտրոնային աճուրդների իրականացմանը։ Նրա խոսքով՝ գործընկեր երկրների ԴԱՀԿ կառույցների մեջ Հայաստանը, եթե ոչ առաջին, ապա երկրորդ երկիրն է, որտեղ կիրառվում է էլեկտրոնային աճուրդի համակարգը:

«Դա խոսում է այն մասին, որ ծառայությունը բավական առաջ է գնացել: Այն կարող է նպաստել հասարակության հետ շփվելուն և հարկադիր կատարողի անմիջական գործոնը նվազեցնելուն, որը բերում է կոռուպցիոն ռիսկերի պակասեցմանը: Արցախում այդ համակարգի ներդրման դժվարությունը պայմանավորված է ինտերնետային ծածկույթի ոչ բավարար չափով, որը լուծելի է», – ասել է ՀՀ գլխավոր հարկադիր կատարողը՝ հույս հայտնելով, որ համագործակցությունն արդյունավետ կլինի:

Իր հերթին Սամվել Շահրամանյանը կարևորել է ստորագրված փաստաթուղթը և ընդգծել, որ այն նախատեսում է 2012-13 թթ. ծրագիրը, որի հիմքում դրված է էլեկտրոնային աճուրդի ծրագիրը: Նա շնորհակալություն է հայտնել ՀՀ ԴԱՀԿ ծառայությանը՝ Արցախի ծառայությունը միջազգային ասպարեզում ճանաչելի դարձնելու համար: