14 փետրվարի 2012 - 18:11 AMT
Երևանի դպրոցներում կներդրվի «Գերմաներենի դիպլոմ» առաջին և երկրորդ աստիճանների ծրագիրը

ՀՀ կրթության և գիտության նախարարությունում նախարար Արմեն Աշոտյանն ու ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպան Հանս-Յոհեն Շմիդտն այսօր ստորագրել են համագործակցության հուշագիր, որի շրջանակում Երևանի թիվ 6, 60 և 119 դպրոցներում կներդրվի «Գերմաներենի դիպլոմ» առաջին և երկրորդ աստիճանների ծրագիրը:

ԿԳՆ-ից հայտնում են, որ Գերմաներենի խորացված ուսուցումը թիվ 6 և 60 դպրոցներում կիրականացվի 3-9-րդ, իսկ թիվ 119 դպրոցում` 10-12-րդ դասարաններում: Թիվ 6 և 60 դպրոցների աշակերտները հնարավորություն կստանան «Գերմաներենի դիպլոմ-առաջին» քննություն հանձնել ավարտական իններորդ դասարանում: Այնուհետև` թիվ 119 դպրոց տեղափոխվող աշակերտները, ավարտելով տասներկուերորդ դասարանը, կհանձնեն «Գերմաներենի դիպլոմ-երկրորդ» քննությունը, որը բավարարում է Գերմանիայի Դաշնային Հանրապետության համալսարաններ ընդունվելու համար անհրաժեշտ լեզվական իմացության պահանջը, ինչն ըստ նախարարի, ծրագրի ամենակարևոր կիրառական ցուցանիշն է: Ծրագրի շրջանակում նախատեսվում է նաև գերմաներենի ուսուցիչներեի վերապատրաստում:

«ՀՀ կրթության և գիտության նախարարության գերակայություններից մեկը շարունակում է մնալ կրթական համակարգի միջազգայնացումը, ինչպես նաև լավագույն փորձի ներմուծումը Հայաստան»,- նշել է Աշոտյանը: