15 փետրվարի 2012 - 15:40 AMT
Երևանում քննարկել են Հայաստանի սոցիալ-տնտեսական զարգացման հիմնախնդիրները

Եվրասիա միջազգային համալսարանում այսօր` փետրվարի 15-ին, տեղի ունեցավ գիտագործնական գիտաժողով` նվիրված Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացման հիմնախնդիրներին և առաջնահերթություններին: Գիտաժողովն ամենամյա է, սակայն 2011-2012 ուսումնական տարում այն երկրորդն էր, որովհետև ՀՀ կառավարությունը հրապարակեց Հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացման գերակա ուղղությունները, և համալսարանի գիտական խորհուրդը նպատակահարմար գտավ արձագանքել այդ խնդիրներին, ասվում է հաղորդագրության մեջ:

Գիտաժողովի 40-ից ավելի զեկույցների հեղինակներ ներկայացրին Հանրապետության տասնմեկ ուսումնական հաստատություններ, ՀԿ-ներ, բիզնես համայնքի ներկայացուցիչներ, հետևաբար գիտաժողովը կարելի է դիտել որպես հանրապետական նշանակության: Այս փաստը խոսում է այն մասին, որ Հանրապետության գիտական համայնքը կարծեք թե սպասողական վիճակում էր կառավարության այդ նախաձեռնությանը և անմիջապես արձագանքեց դրան` հանդես գալով գիտական նոր հիմնավորումներով:

Գիտաժողովին ներկայացված զեկույցները վերաբերում էին Հանրապետության ինչպես նյութական արտադրության, այնպես էլ սոցիալական ոլորտի զարգացման ռազմավարությանը: Հատուկ անդրադարձ կատարվեց երկրի արտահանման և ներմուծման տնտեսական հաշվեկշռի բարելավմանը` ի օգուտ արտահանման, տնտեսության գիտատար ճյուղերի զարգացման և հատկապես որակյալ կադրերի պատրաստման հիմնախնդիրներին: Այս նպատակի համար քննարկվեցին Եվրոպական առաջադեմ համալսարանի հետ ինտեգրված կրթական գործունեության իրականացման, Հանրապետության ծայրամասային և լեռնային շրջանների արագացված և տարածքի հավասարաչափ յուրացման և այս գործում ագրոարդյունաբերական տնտեսության դերի բարձրացման, ընդերքի ռեսուրսների օգտագործման ռազմավարության, ներդրումների և հատկապես Հայաստան-Սփյուռք համագործակցության կատարելագործմանն առընչվող հարցեր:

Գիտաժողովը բաղկացած էր երկու մասից` ՀՀ սոցիալ-տնտեսական զարգացման ռազմավարական հիմնախնդիրների քննարկում և զեկույցների ներկայացում: Հանդես եկան բուհերի, կրթական ու գիտական կազմակերպությունների ուսանողներ և դասախոսներ, գիտական աշխատողներ: Գիտաժողովին որակյալ կադրերի պատրաստման հրատապությանը և տնտեսության նոր կառուցվածքի պահանջներին անհրաժեշտ կադրերի պատրաստման խնդիրներին անդրադարձավ ՀՀ ԿԳ փոխնախարար տկն. Կարինե Հարությունյանը, տնտեսության նոր առաջնահերթությունների հիմնավորումներով հանդես եկավ ՀՀ էկոնոմիկայի նախարարության փոքր և միջին ձեռնարկատիրության վարչության պետ պրն. Արմեն Եգանյանը: Գիտատար տնտեսության առաջնահերթ հարցերը քննարկվեցին ՀՀ ԿԳ նախարարության գիտության պետական կոմիտեի նախագահ, պրոֆեսոր Սամվել Հարությունյանի բովանդակալից ելույթի ժամանակ: Հանրապետության ներկայիս տնտեսական իրադրության գնահատման և զարգացման հիմնահարցերը համակողմանիորեն ներկայացվեցին տնտ. դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Մարկոսյանի կողմից: Գիտաժողովի կազմկոմիտեի որոշմամբ զեկույցներում բարձրացված առաջարկություն-հիմնավորումները կամփոփվեն և կներկայացվեն համապատասխան պետական մարմինների քննարկելու և ընթացք տալու նպատակով: