ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Քուվեյթի արտակարգ և լիազոր դեսպան Բասսամ Մուհամմադ Ալ-Քաբանդիին: ԿԳՆ-ից հայտնում են, որ հանդիպման ընթացքում նախարարն ու դեսպանը կարևորել են Հայաստանի և Քուվեյթի միջև կրթության և գիտության ոլորտում համատեղ ծրագրերի մշակումը, երկկողմ կապերի ընդլայնումն ու զարգացումը:
Ընդգծելով, որ Հայաստանում արաբագիտության նկատմամբ ավանդական և պատմականորեն ձևավորված հետաքրքրություն կա` ՀՀ ԿԳ նախարարը նշել է, որ Երևանի պետական համալսարանում նախատեսվում է հիմնել արաբագիտության և իսլամագիտության կենտրոն, միաժամանակ աշխատանքներ են ընթանում Երևանում արաբերենի խորացված ուսուցմամբ ավագ դպրոց բացելու ուղղությամբ:
ՀՀ ԿԳ նախարարը, ներկայացնելով Հայսատանի կրթական համակարգի զարգացման միտումները, նշել է, որ բարեփոխումներն ուղղված են ժամանակակից կրթական համակարգի ձևավորմանն ու որակյալ մասնագետների պատրաստմանը: "Ուրախ կլինենք Հայաստանի բարձրագույն ուսումնական հաստատություններում տեսնել Քուվեյթից ժամանած ուսանողների",- նշել է Աշոտյանը և հավելել, որ Հայաստանում հնարավոր է ստանալ համեմատաբար մատչելի, միաժամանակ որակի առումով մրցունակ բարձրագույն կրթություն:
Դեսպանը շնորհակալություն է հայտնել նախարարին ընդունելության համար և նշել, որ Հայաստանն ու Քուվեյթը տարբեր ոլորտներում համագործակցության մեծ հեռանկար ունեն, և կրթության ոլորտն այս առումով կարող է առաջատար լինել: Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել երկու պետությունների միջև կրթության ոլորտի համագործակցության հուշագրի վավերացման, բարձրագույն կրթության ոլորտում կրթաթոշակային ծրագրերի իրականացման, միջբուհական ուսանողական շարժունության ապահովման հետ կապված մի շարք հարցերի: