«Հովեր» կամերային երգչախումբն այս տարի նշում է իր հիմնադրման 20-ամյա հոբելյանը, լրագրողների հետ զրույցում ասաց երգչախմբի հիմնադիր, գեղարվեստական ղեկավար, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Սոնա Հովհաննիսյանը: Հոբելյանի կենտրոնական համերգը տեղի է ունենալու փետրվարի 22-ին Կամերային երաժշտության տանը: «Դա կլինի համագործակցությունների համերգ մենակատարների անսամբլի հետ, տարբեր դիրիժորների` Էդուարդ Թոփչյանի, Սամվել Վարդանյանի, Զավեն Սիմոնյանի հետ, «Հովերը» կներկայանա տարբեր ոճերի համարներով», նշեց ղեկավարը: Համերգը կսկսի Բեթհովենի «Խաղաղ ծով, երջանիկ նավագնացություն» նվագախմբի և երգչախմբի համար գրած ստեղծագործության պրեմիերայով, հնչելու են նաև Կոմիտասի խմբերգերը, Երևանի կամերային երգչախումբը հանդես կգա երաժշտական համարով: Հոբելյանական երեկոյի ընթացքում տեղի կունենա փոքրիկ ֆիլմի ցուցադրում, սպասվում են մի քանի անակնկալներ և այդ ամենը կավարտվի ավելի թեթև համարներով:
Սոնա Հովհաննիսյանը հատուկ նշեց, որ երգչախմբի ներսում նոր սեպտետ է (յոթնյակ) ձևավորվել, որի հիմնադրման մեկ ամսյակն է լինելու հենց փետրվարի 22-ին: Այն այս տարի կշրջագայի Անգլիայում, Ֆրանսիայում և Գերմանիայում: «Հովեր» կամերային երգչախումբը ստեղծվել է 1992-ին: Երգչախմբի գլխավոր տնօրենն ու հիմնադիրը Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դոցենտ Սոնա Հովհաննիսյանն է: «Հովերը» մասնակցել է բազմաթիվ միջազգային մրցույթների և մեծ ճանաչում ունի ողջ աշխարհում հոգևոր երաժշտությունը գնահատողների շրջանում:
Նորաստեղծ կամերային երգչախմբի առաջին փորձասենյակ-համերգասրահը Հովհաննիսյանի բնակարանն է եղել։ Տասնամյա դեգերումներից հետո միայն «Հովերը» ֆիլհարմոնիկում հիմնական աշխատատեղ ունեցավ։ Արտերկրում բարձր գնահատվելուց հետո էլ` ճանաչում հայրենիքում։ Հիմնադիր խմբավարի պրպտող միտքն ու համախմբող բնավորությունը փորձարարական տարատեսակ համագործակցությունը շուտով հարստացրին «Հովերի» երկացանկն ու ընդլայնեցին հանրահռչակման լսարանը։