Թուրքիայի ԵՄ հարցերով նախարար Էգմեն Բաղիշը հեռուստահարցազրույցում պատմել է իր դեմ Շվեյցարիայում սկսված հետաքննության մասին` կապված Հայոց ցեղասպանության ժխտման հետ: Նա խոսել է նաև Ֆրանսիայի Սենատի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունման և ապրիլ 24-ին ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի կայանալիք ելույթի մասին:
Բաղիշը խստորեն քննադատել է ֆրանսիայի նախագահին Հայոց ցեղասպանության վերաբերյալ օրինագծի համար`ընդգծելով, որ Սահմանադրական խորհուրդը պետք է չեղյալ համարի այն:
Մեկնաբանելով Շվեյցարիայում իրականացվող հետաքննությունը` Բաղիշը հայտարարել է, որ այն դեռ նախնական փուլում է և ինքը հանգիստ կարող է այցելել այդ երկիր, քանի որ դժվար է պատկերացնել, որ ինչ-որ մեկը կձերբակալի թուրք նախարարին: Խոսելով ապրիլի 24-ին ԱՄՆ նախագահի կայանալիք ելույթի մասին` նա ընդգծել է, որ «եթե ասի «ցեղասպանություն» ի՞նչն է փոխվելու: Եվ նույնը տեղի կունենա, եթե չասի»,-հայտնում են թուրքական ԶԼՄ-ը:
Շվեյցարիայում հետաքննություն են սկսել հենց Բաղիշի գործով: Գործը բացվել է համաձայն Շվեյցարիայի ՔՕ 261 հոդվածի, ըստ որի նա մեղադրվում է ռասիստական արտահայտությունների մեջ: Մասնավորապես Դավոսի տնտեսական համաժողովում, նա իրեն թույլ է տվել նկատել, որ Հայոց ցեղասպանություն «չի եղել»:
Ցյուրիխյան շրջանի գլխավոր դատավոր Կրիստին Բրաունշվիգը Doğan գործակալությանը հայտարարել է, որ գործը մինչև վերջ հետաքննելու է:
Համաձայն որոշ տվյալների, հետաքննությունը սկսվել է Շվեյցարիայում հայ համայնքի դժգոհություններից հետո:
2007թ մարտին թուրք քաղաքական գործիչ Դողու Պերինչեկը, Հայոց ցեղասպանության ժխտման համար Լոզանի տարածքային դատարանի կողմից մեղավոր է ճանաչվել ռասսայական խտրականության մեջ: Պաշտոնյան բողոքարկել է որոշումը, սակայն Շվեյցարիայի դաշնային դատարանը որոշումն անփոփոխ է թողել:
Հունվարի 23-ին Ֆրանսիայի Սենատը կողմ է քվեարկել ցեղասպանությունների, այդ թվում` Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծին: 2011թ. դեկտեմբերի 22-ին օրինագիծն ընդունվել էր Ֆրանսիայի Ազգային ժողովում: Օրինագծի հեղինակը պատգամավոր Վալերի Բուայեն է: Օրինագիծը ժխտման համար նախատեսում է 1 տարվա ազատազրկում և 45 հազ. եվրոյի չափով տուգանք:
Թուրքիան շատ ցավագին ընդունեց այդ օրինագծին Սենատի հավանություն տալը` հայտարարելով Ֆրանսիայի հետ քաղաքական, ռազմական և տնտեսական համագործակցության սառեցման մասին:
Որոշ ֆրանսիական սենատորներ Սահմանադրական խորհուրդ են դիմել օրինագիծը ոչ սահմանադրական ճանաչելու նպատակով: Սպասվում է, որ Խորհուրդը որոշում կընդունի մինչև մարտի 1-ը:
Ֆրանսիայի նախագահ Նիկոլյա Սարկոզին խոստացել է Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող նոր օրինագիծ դնել շրջանառության մեջ, եթե Սահմանադրական դատարանը ոչ սահմանադրական ճանաչի հունվարի 23-ին Սենատի կողմից ընդունված օրինագիծը: