21 փետրվարի 2012 - 16:02 AMT
ԱՄՆ դեսպանը ՀՀ ոստիկանության կրթահամալիրին նվիրել է համակարգչային տեխնիկա

Այսօր փետրվարի 21-ին Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը այցելել է ՀՀ ոստիկանության կրթահամալիր, հանդիպել կրթահամալիրի տնօրեն, գեներալ-լեյտենանտ Հովհաննես Վարյանին և նվիրաբերել մոտ 50.000 ԱՄՆ դոլար արժողությամբ լսարանային օգտագործման համակարգչային սարքավորումներ: Այս մասին տեղեկացնում են ԱՄՆ դեսպանությունից։

Սարքավորումները ներառում են համակարգիչներ, տպիչներ, պրոյեկտորներ և սկաներներ: Դրանք օգտագործվելու են ՀՀ ոստիկանության անձնակազմի ուսուցման և վերապատրաստման նպատակով:

Այս նվիրատվությունը մաս է կազմում ԱՄՆ Կառավարության կողմից իրավապահ մարմիններին ցուցաբերվող աջակցության ծրագրի, որն ուղղված է Հայաստանի իրավապահ կառույցների կարողությունների հզորացմանը հանցավորության դեմ պայքարի և արդարադատության ասպարեզում:

Նախկինում ՀՀ ոստիկանությանը տրամադրված աջակցությունը ներառել է Ոստիկանության ուսումնական կենտրոնի վերանորոգում, ՀՀ ոստիկանության ակադեմիային սարքավորումների նվիրաբերում և համագործակցություն տարածքային համակարգչային ցանցի ստեղծման ընթացքում:

Անցյալում համակարգչային տեխնիկա է նվիրաբերվել ՀՀ ոստիկանության անօրինական միգրացիայի, մարդկանց թրաֆիքինգի, թմրամիջոցների և կիբեր հանցագործությունների դեմ պայքարի բաժիններին: Ծրագրի շրջանակներում նաև անցկացվել են վերապատրաստման և կարողությունների զարգացման դասընթացներ` անդրազգային հանցավորության դեմ պայքարի և կանխարգելման նպատակով:

ԱՄՆ կառավարությունը Հայաստանում իրավապահ մարմիններին և արդարադատության համակարգին աջակցելու նպատակով տարեկան տրամադրում էմոտավորապես 3 միլիոն ԱՄՆ դոլար: