15 հունվարի 2004 - 21:06 AMT
ՎՐԱՑ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ ԺԽՏՈՒՄ Է ԱՊԱԿԱՅՈՒՆԱՑՄԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ ՋԱՎԱԽՔՈՒՄ ՌՈՒՍԱԿԱՆ ՌԱԶՄԱԿԱՅԱՆԻ ԴՈՒՐՍ ԲԵՐՄԱՆ ՊԱՏՃԱՌՈՎ
Վրաստանի Սամցխե Ջավախքի շրջանում ապակայունացման համար տնտեսական պատճառներ չկան: Այդ մասին «օն-լայն» մամլո ասուլիսում հայտարարել է «Բուրջանաձե-ժողովրդավարներ» իշխանամետ դաշինքից Վրաստանի խորհրդարանի պատգամավոր, եկամուտների նախկին նախարար Միխեիլ Մաչավարիանին` պատասխանելով Ախալքալաքից բնակչության հիմնական վաստակը ապահովող ռուսական ռազմակայանների դուրս բերման դեպքում Ջավախքի հայկական բնակչության շրջանում հնարավոր հուզումների մասին հարցին: Մաչավարիանիի խոսքերով, կենտրոնական եւ նորացված շրջանային իշխանությունները կանեն ամեն ինչ, որպեսզի Ախալքալաքի, Նինոծմինդայի եւ Սամցխե Ջվախքի մյուս շրջանների բնակիչները ունենան վաստակելու այլ միջոցներ, որոնք կախված չեն լինի օտարերկրյա ռազմակայաններից: Ի դեպ, ավելացրել է նա, Նինոծմինդայում չկան ռազմակայաններ, չկա եւ ապակայունացում: