20 հունվարի 2004 - 17:37 AMT
ՎԱՇԻՆԳԹՈՆՈՒՄ ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՃԻՆ ԱՌՆՉՎՈՂ ՀԱՐՑԵՐ
Հունվարի 17-18 Վաշինգթոնում, Համաշխարհային բանկի կենտրոնակայանում, անցկացվել է «Հայաստան. կայուն զարգացման եւ տնտեսական աճի խնդիրները» երկրորդ միջազգային խորհրդաժողովը: Ինչպես տեղեկացրել են համաժողովը նախաձեռնող Տնտեսական զարգացման հայկական միջազգային խմբի ներկայացուցչությունում, խորհրդաժողովի ընթացքում ներկայացվել են Հայաստանի սոցիալ-տնտեսական զարգացման վերաբերյալ 16 հետազոտությունների արդյունքներ: Խորհրդաժողովի աշխատանքին մասնակցել են ավելի քան 100 հայ եւ արտասահմանյան փորձագետներ, ինչպես նաեւ Համաշխարհային բանկի, Միջազգային արժույթի հիմնադրամի, ԱՄՆ կառավարության եւ արտասահմանյան երկրների դեսպանությունների բարձրաստիճան ներկայացուցիչներ: Խորհրդաժողովում քննարկվել են Հայաստանի եւ սփյուռքի համար կարեւոր մի շարք հարցեր, որոնք առնչվում են միջազգային առեւտրին, կապիտալի շուկային, ֆինանսական եւ հարկային քաղաքականությանը, պետական կառավարմանը, փոքր բիզնեսի զարգացմանը: