24 փետրվարի 2012 - 13:41 AMT
Մհեր Ղազարյանն ընտրվել է Ուսուցման ազգային հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ

ՀՀ կրթության և գիտության նախարարությունում տեղի է ունեցել Ուսուցման ազգային հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդրանիկ նիստը: ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի կողմից հաստատված հոգաբարձուների խորհրդի կազմում ընդգրկված են գործարար ոլորտի և հասարակական կազմակերպությունների` Հայաստանի առևտրաարդյունաբերական պալատի, Գործատուների և արդյունաբերողների միության, Արհմիությունների կոնֆեդերացիայի, ինչպես նաև շահագրգիռ պետական կառույցների ներկայացուցիչներ:

ԿԳՆ-ից հայտնում են, որ հոգաբարձուների խորհրդի անդամները բաց քվեարկությամբ խորհրդի նախագահ են ընտրել ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմի ղեկավար Մհեր Ղազարյանին, քարտուղար՝ առևտրաարդյունաբերական պալատի ներկայացուցիչ Վահագն Հովհաննիսյանին: Նիստի ընթացքում խորհրդի անադամները 10 կողմ, 1 ձեռնպահ քվեարկության արդյունքով Ուսուցման ազգային հիմնադրամի տնօրեն են ընտրել Մարինե Հակոբյանին, ով մինչ այդ հիմնադրամի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարն էր:

Խորհուրդը հաստատել է նաև Ուսուցման ազգային հիմնադրամի գործունեության հիմնական ուղղությունները: Հիմնադրամը ստեղծվել է ՀՀ կառավարության որոշմամբ և նպատակ ունի նպաստել աշխատաշուկայում կադրերի մրցունակության բարձրացմանը` գործատուների աջակցությամբ կազմակերպելով վերապատրաստման և որակավորման բարձրացման դասընթացներ: