Փետրվարի 23-ին Կորեայի ԱԳ Նախարար Կիմ Սունգ-Հվանի հրավերով պաշտոնական այցով Սեուլ ժամանած արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին ընդունեց Կորեայի Հանրապետության վարչապետ Հվանգ Սիկ Կիմը: Այս մասին հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը:
Կորեայի վարչապետի եւ Հայաստանի արտգործնախարարի հանդիպման օրակարգում էին Սեուլում այս տարվա մարտի 26-27-ը կայանալիք Միջուկային անվտանգության հարցերով երկրորդ գագաթաժողովի, Կորեայում ս.թ. մայիս-օգոստոս ամիսներին տեղի ունենալիք EXPO-2012 Համաշխարհային ցուցահանդեսի նախապատրաստական աշխատանքները եւ այդ կարեւորագույն համաշխարհային իրադարձություններին Հայաստանի մասնակցությունը:
Զրուցակիցները հույս հայտնեցին, որ դիվանագիտական հարաբերությունների հաստատման քսանամյակը մեկնարկային հանգրվան կդառնա երկկողմ փոխգործակցության զարգացման համար եւ պատրաստակամություն հայտնեցին անհրաժեշտ քայլեր ձեռնակել այդ ուղղությամբ:
Նախարար Նալբանդյանը շնորհակալություն հայտնեց Կորեայի վարչապետին անկախությունից ի վեր Հայաստանի զարգացմանը ցուցաբերած աջակցության համար: Այս առումով Կորեայի վարչապետը նշեց, որ կորեական կողմը պատրաստակամ է շարունակել Հայաստանին տեխնիկական աջակցության տրամադրումը Կորեայի միջազգային համագործակցության կառավարական գործակալության միջոցով:
Հվանգ Սիկ Կիմը եւ Էդվարդ Նալբանդյանը անդրադարձան երկկողմ հարաբերություններին առնչվող հարցերի լայն շրջանակի, քաղաքական, տնտեսական եւ մշակութային համագործակցության զարգացման ուղիներին: