21 հունվարի 2004 - 16:39 AMT
ՀԱՅԱՍՏԱՆԸ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 90-ԱՄՅԱԿԻՆ
Հայոց ցեղասպանության 90-ամյակին նվիրված միջոցառումների ծրագիրը հունվարի 20-ին քննարկվել է Հայաստանի վարչապետ Անդրանիկ Մարգարյանի մոտ կայացած խորհրդակցությունում: Ծրագիրը ընդգրկում է 2004 թվականի մայիսից մինչեւ 2005 թվականի մայիսը ընկած ժամանակահատվածը: Միջոցառումների կազմակերպման պետական հանձնաժողովի անդամների կարծիքով, այդ միջոցառումները պետք է ստանան առավելագույն միջազգային հնչեղություն եւ ընդգրկվեն ՄԱԿ-ի միջոցառումների ծրագրում: Հատուկ նշանակություն է տրվում բարձր մակարդակի միջազգային գիտական կոնֆերանսին, որը տեղի կունենա Երեւանում 2005 թվականի ապրիլի վերջին: Ցեղասպանության տարբեր ասպեկտներին նվիրված կոնֆերանսներ կկազմակերպվեն նաեւ Եվրոպայում, Ամերիկայում, Ռուսաստանում եւ Մերձավոր Արեւելքի երկրներում: Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչությունները քարոզչական եւ բացատրական լայնածավալ աշխատանք կտանեն միջազգային կազմակերպություններում` ներկայացնելով հիմնախնդիրը միջազգային իրավունքի տեսակետից եւ նպատակ ունենալով հասնել Հայոց ցեղասպանության ճանաչմանն ու դատապարտմանը համաշխարհային հանրության կողմից: