21 հունվարի 2004 - 21:21 AMT
ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ԵՎ ՄԵՐՁՄՈՍԿՈՎՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՎԵՐՋԻՆ 10 ՏԱՐՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՓԱԽՍՏԱԿԱՆԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿ Է ՍՏԱՑԵԼ 100 ՀԱՅԱՍՏԱՆՑԻ
Մոսկվայում եւ մերձմոսկովյան տարածքում վերջին 10 տարվա ընթացքում փախստականի կարգավիճակ է ստացել 100 հայաստանցի: Այդ մասին են հաղորդում ռուսական ԶԼՄ-ները` վկայակոչելով Ռուսաստանի Դաշնային միգրացիոն ծառայության տվյալները: Աղբյուրի համաձայն, ընդհանուր առմամբ նույն ժամանակահատվածում նշված տարածքում փախստականի կարգավիճակ է ստացել 1956 հոգի: Նրանցից 216-ը` Ադրբեջանից, 319-ը` Վրաստանից, 323-ը` Ղազախստանից, 192-ը` Աֆղանստանից: Սակայն, փախստականների իրական թիվը որոշելը շատ դժվար է, քանի որ կարգավիճակի տրամադրման ընթացակարգը երկաստիճան է: Սկզբում փախստականի կարգավիճակ ստանալու ցանկություն հայտնած անձը գրանցվում է եւ միայն մեկ տարի անց ստանում փախստականի կարգավիճակ: Միաժամանակ, Միգրացիոն ծառայության մոտավոր տվյալների համաձայն, ապօրինի բնակվողների թիվը, որոնք մերժում են ստանում փախստականի կարգավիճակ ստանալու հարցում, հասնում է մոտ կես միլիոնի: