25 փետրվարի 2012 - 13:07 AMT
Հայաստանի նախագահը կայցելի Վիետնամ 2012թ. առաջին կեսին

Վիետնամի ԱԳ նախարար Ֆամ Բին Մինի հրավերով պաշտոնական այցելությամբ Հանոյում գտնվող Էդվարդ Նալբանդյանին փետրվարի 24-ին ընդունեց Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության Նախագահ Թրուոնգ Թան Սանգը, հայտնում է ԱԳՆ մամլո ծառայությունը:

Ողջունելով Հայաստանի արտգործնախարարին՝ Վիետնամի նախագահն ասաց, որ Վիետնամում Հայաստանին եւ հայ ժողովրդին վերաբերվում են եղբայրական ջերմուրթյամբ, ինչն առաջին հերթին պայմանավորված է պատերազմի տարիներին եւ հետպատերազմյան վերականգնմանը Վիետնամին ցուցաբերած կարեւոր աջակցությամբ: «Մեր շատ քաղաքացիներ կրթվել են Հայաստանում եւ այժմ իրենց գիտելիքները ներդնում են մեր երկրի զարգացման գործում եւ Վիետնամի ժողովուրդը երախտապարտ է Հայաստանին այդ օժանդակության համար: Այսօր մենք կարեւորում ենք անկախ Հայաստանի հետ հարաբերությունների զարգացումը եւ ցանկանում ենք համապատասխան քայլեր ձեռնարկել այդ ուղղությամբ»:

Վիետնամի նախագահը վերահաստատեց ՀՀ Նախագահին ուղղված Հանոյ այցելելու հրավերը եւ ընդգծեց, որ ինքն ուրախ կլինի ողջունել բարեկամ Հայաստանի ղեկավարին Վիետնամում:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության եւ ջերմ խոսքերի համար՝ Էդվարդ Նալբանդյանը Հայաստանի նախագահի ողջույններն ու բարեմաղթանքները փոխանցեց Վիետնամի ղեկավարին, եւ տեղեկացրեց, որ նախագահ Սարգսյանն ընդունել է Վիետնամ այցելելու իր գործընկերոջ հրավերը եւ այն տեղի կունենա այս տարվա առաջին կեսին:

Երկուստեք վստահություն հայտնվեց, որ ՀՀ Նախագահի առաջիկա այցելությունը նոր լիցք կհաղորդի երկու բարեկամ երկրների հարաբերությունների զարգացմանը:

Վիետնամի նախագահն ու Հայաստանի արտգործնախարարը հանգամանալից քննարկեցին երկկողմ հարաբերությունների խթանման նպատակով իրականացվելիք քայլերը, ասիական տարածաշրջանում տեղի ունեցող ինտեգրացիոն գործընթացները: Այս ենթատեքստում Վիետնամի Նախագահը նշեց, որ հաշվի առնելով երկու երկրների բարեկամական հարաբերությունները՝ իր երկիրը կարող է Հայաստանի համար դեպի Ասիական-խաղաղօվկիանոսյան տարածաշրջան դարպաս հանդիսանալ:

Նույն օրը Էդվարդ Նալբանդյանն այցելեց Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության հիմնադիր Հո Շի-մինի դամբարան եւ ծաղկեպսակ դրեց դամբարանին: Նախարար Նալբանդյանը նաեւ հարգանքի տուրք մատուցեց Վիետնամի անկախության եւ ազատության համար զոհվածների հիշատակին: