27 հունվարի 2004 - 17:11 AMT
ԵՐԵՎԱՆ ԿԺԱՄԱՆԻ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ ԲՈՐԻՍ ԱԼՅՈՇԻՆԸ
Հունվարի 29-ին երկօրյա աշխատանքային այցով Երեւան կժամանի հայ-ռուսական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի համանախագահ, ՌԴ փոխվարչապետ Բորիս Ալյոշինի գլխավորած պատվիրակությունը: Նա կհանդիպի Հայաստանի ղեկավարության հետ, այդ թվում նաեւ տնտեսական համագործակցության հանձնաժողովի Հայաստանի համանախագահ, ՀՀ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի հետ: Ռուսաստանյան պատվիրակությունը կայցելի նաեւ Հայաստանի պետական պարտքի մարման դիմաց Ռուսաստանին հանձնված մի շարք ձեռնարկություններ, մասնավորապես, «Մարս» ՓԲԸ, Երեւանի Մաթեմատիկական մեքենաների եւ Ավտոմատ կառավարման համակարգերի գիտահետազոտական ինստիտուտները, Նյութաբանության ինստիտուտը եւ Հրազդանի ՋԷԿ-ը: Ինչպես տեղեկացնում է «Արմինֆո» գործակալությունը, այցի ավարտին կստորագրվեն փաստաթղթեր: