27 հունվարի 2004 - 19:13 AMT
ԱՄԵՐԻԿԱՀԱՅԵՐՆ ԱՆՀԱՆԳՍՏԱՑԱԾ ԵՆ ՋԱՎԱԽՔՑԻՆԵՐԻ ԴՐՈՒԹՅԱՄԲ
Անցյալ շաբաթ Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի (ԱՀԴՀ) ղեկավարները մի շարք հանդիպումներ են անցկացրել ԱՄՆ վարչակազմի եւ պետդեպարտամենտի ներկայացուցիչների, ինչպես նաեւ Վաշինգթոնում Վրաստանի դեսպան Լեւան Միքելաձեի հետ: Ինչպես տեղեկացնում է ԱՀԴՀ-ն, հանդիպումները նպատակ ունեին ծանոթանալ Վրաստանի ներկայիս իրավիճակին, փոխանցել ամերիկահայերի անհանգստությունը Ջավախքի հայ բնակչության սոցիալ-տնտեսական վիճակի կապակցությամբ եւ քննարկել ամբողջ հանրապետության եւ Թբիլիսիի հայ համայնքի կարիքները: «Ջավախքի խոշոր հայկական կազմակերպությունները, որոնք երկար ժամանակ տուժել են Վրաստանի նախկին ղեկավարության վարած քաղաքականությունից` քաղաքացիական հասարակության ուժերով կարող են օգնել Վրաստանին` երկրում սկսված բարեփոխումների անցկացման հարցում»,- ասել է ԱՀԴՀ-ի տնօրեն Արամ Համփարյանը: Ընդսմին նա հույս է հայտնել, որ Վրաստանի նորընտիր նախագահը եւ նրա թիմը կարձագանքեն Ջավախքի Հայկական հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների խորհուրդի դիմումին եւ կկարգավորեն գործընկերությունն այդ պաշարներով հարուստ եւ հատուկ ռազմավարական նշանակություն ունեցող տարածաշրջանի հետ: Ամերիկյան պաշտոնյաների ուշադրությունը հրավիրելով Ջավախքի հիմնական ենթակառույցների խղճալի վիճակին, աշխատանքային տեղերի պակասին եւ արտաքին աշխարհից մեկուսացված լինելու վրա` ԱՀԴՀ-ն ընդգծել է ներդրումների ուղղման անհարժեշտությունը տարածաշրջան, որը երկար ժամանակ զրկված է եղել ԱՄՆ եւ այլ երկրների օգնությունից: Ջավախքի տնտեսության վերելքին աջակցելու նպատակով ԱՀԴՀ-ն առաջարկել է տարածաշրջանին երկարաժամկետ եւ նպատակաուղղված ԱՄՆ կողմից օգնության ծրագիր, որը կիրականացվի Վրաստանի հասանելիք օգնության շրջանակներում: