29 հունվարի 2004 - 21:27 AMT
ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՉԻ ՎԵՐԱՆԱՅԵԼՈՒ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ «ԳՈՒՅՔ ՊԱՐՏՔԻ ԴԻՄԱՑ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ
Մոսկվան մտադիր չէ վերանայել «Գույք պարտքի դիմաց» համաձայնագիրը եւ այդ փաստաթղթի համաձայն Ռուսաստանին փոխանցված հայկական ձեռնարկությունների ցանկը: Այն մասին այսօր Երեւանում հայտարարել է տնտեսական համագործակցության հարցերով հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի համանախագահ, ՌԴ փոխվարչապետ Բորիս Ալյոշինը: Նա նշել է, որ խոսքը գնում է համաձայնագրի ստեղծագործական լրացման մասին` որպեսզի կողմերը «առավել հարմարավետ» աշխատեն: «Սա առաջին նման գործարքն է Ռուսաստանի համար, եւ մենք ամենայն պատասխանատվությամբ ենք վերաբերվում դրան», - ասել է Ալյոշինը: Սկսված այցի ընթացքում նա կբանակցի Հայաստանի կառավարության հետ, կայցելի Ռուսաստանին փոխանցված ձեռնարկություններ: ՌԴ փոխվարչապետը հաղորդել է, որ այցի ընթացքում կքննարկվեն նաեւ ռազմատեխնիկական համագործակցության հարցեր: Հիշեցնենք, որ Հայաստանը պարտքի դիմաց Ռուսաստանին է փոխանցել 93,76 մլն դոլար ըդհանուր արժողությամբ պետական գույք: Օբյեկտների թվում են` Հրազդանի ՋԷԿ-ը, «Մարս» ՓԲԸ-ն, «Երեւանի Ավտոմատ կառավարման համակարգերի ԳՀԻ» ՓԲԸ-ն, «Երեւանի մաթեմատիկական մեքենաների ԳՀԻ» ՓԲԸ-ն, «Նյութաբանության գիտահետազոտական եւ արտադրող ձեռնարկություն» ՓԲԸ-ն: